ՄԱԿ-ի տվյալներով` պատերազմի կամ տարբեր հետապնդումների հետևանքով իրենց տները լքած մարդկանց թիվը 2013-ին անցել է 50 միլիոնից: Սա ամենամեծ ցուցանիշն է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից սկսած: ՄԱԿ-ի փախստականների հարցերի գործակալության տվյալներով միայն վերջին տարում հարկադրված տեղահանվածների թիվն աշխարհում ավելացել է 6 միլիոնով: Դրա պատճառ են դարձել լուրջ ռազմական հակամարտությունները Սիրիայում, Կենտրոնական Աֆրիկայում, Հարավային Սուդանում և մի շարք այլ երկրներում և տարածաշրջաններում: Ըստ ՄԱԿ-ի, սակայն, փախստականներին չի կարելի բռնի վերադարձնել իրենց երկրները, նրանք կարող են վերադառնալ միայն այն դեպքում, եթե դա անվտանգ լինի կյանքի համար և եթե նրանք տեղ ունեն վերադառնալու: